Տեղական ինքնավարություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Տեղական ինքնավարություն, պետական կառավարման տեսակ տեղերում, որի դեպքում վարչատարածքային միավորի բնակչությունը պետության սահմանած իրավունքների շրջանակներում տեղական գործերը վարում է ինքնուրույն (ընտրովի մարմինների միջոցով կամ անմիջականորեն)։ Տեղական ինքնավարությունը ինքնավարության տեսակներից է։ Տեղական ինքնավարության համակարգն առաջին անգամ հիմք է դրվել Արևմտյան Եվրոպայում՝ բուրժուական հեղափոխություններից հետո։ Տեղական ինքնավարությունը կիրառվել է չափազանց նեղ շրջանակներում և սոցիալ-քաղաքական առումով կրել ձևական բնույթ, որովհետև հասարակայնության ներկայացուցիչները թեև դիտվել են որպես կառավարման սուբյեկտներ, իրականում շահագործվող զանգվածները դուրս են մնացել կառավարման ոլորտից։ Իմպերիալիզմի դարաշրջանում տեղական ինքնավարությունը կորցրել է նույնիսկ այդ սահմանափակ ինքնուրույնությունը և վերածվել պետական կառավարման վարչական ապարատի անբաժանելի մասի։ Ժամանակակից կապիտալիստական երկրներում տեղական ինքնավարության մարմինների իրավունքների ընդլայնումը բանվոր դասակարգի համադեմոկրատական պահանջներից է։ Սակայն տեղական ինքնավարության դեմոկրատացումը, տեղական ընտրովի մարմինների՝ մունիցիպալիտետների ֆունկցիաների ընդարձակումը ինքնին չեն կարող փոխել բուրժուական պետության, կապիտալիստական կարգի բնույթը։ Մերկացնելով բուրժուան, այսպես կոչված, մունիցիպալային սոցիալիզմի օպորտունիզմը՝ Վ․ Ի․ Լենինը մատնանշում է բուրժուիստական տեղական ինքնավարության դասակարգային սահմանափակ բնույթը, անկարողությունը կենտրոնական իշխանությունների առջև։ Լրիվ, հետևողական դեմոկրատական տեղական ինքնավարությունը ձևավորվում է միայն սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո։ Սոցիալիստական պետություններում տեղական ինքնավարությունը կազմակերպվում է այնպես, որ ապահովում է աշխատավորների մասնակցությունն ինչպես տեղական կառավարմանը, այնպես էլ համապետական հարցերի լուծմանը։ Սոցիալիստական հասարակությունում աշխատավորները քաղաքական իշխանությունը իրականացնում են պետության և հասարակական կազմակերպությունների միջոցով։ Աշխատավորների հոգևոր և նյութական պահանջների բավարարման, պետական խնդիրների իրականացման գծով նրանց գործունեությունը հասարակական ինքնավարության ձևերից է, սոցիալիստական դեմոկրատիայի, ժողովրդաիշխանության դրսևորումներից։ Հասարակական կազմակերպություններն ու բնակչության հասարակական ինքնագործունեության մարմինները սոցիալիստական հասարակության քաղաքական կազմակերպման մասն են։ Սոցիալիստական պետության զարգացմանը, դրա քաղաքական կարգի կատարելագործմանը զուգընթաց, պայմաններ են առաջանում կոմունիստական ինքնավարությանը անցնելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 646)։ |